Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նեխուր - Apium L.

Հայտնի է նաև լախուր, քարավուզ տարանուններով:

Հովանոցազգիների (նեխուրազգի-Apiaceae) ընտանիքին պատկանող, մոտավորապես մեկ մետր բարձրությամբ երկամյա կամ բազմամյա բույս է, որը լավ է աճում խոնավ վայրերում և ճահճուտներում: Հայտնի է նեխուրի մոտ 20 տեսակ, որոնցից առավել տարածվածը բանջարանոցային (Apium grveolens) մշակաբույսն է:

 

Հին Հունաստանում բույսը խորհրդանշական էր, նրանից պատրաստում էին հաղթական պսակներ, իսկ շատ երկրներում այն համարելով երջանկության բույս` սոխի և սխտորի հետ միասին կախում էին տան պատերից:

 

Որպես համեմունք և բուժիչ միջոց, նեխուրը հայտնի է եղել դեռ Հին Հռոմում և Հին Հունաստանում, որտեղ բուժման նպատակով բույսի հյութը որպես հակափսխեցուցիչ օգտագործել են ջրի կամ քացախաթթվի հետ խառնած: Հույն բժշկապետ Հիպոկրատը խորհուրդ է տվել սննդի մեջ պարբերաբար նեխուր օգտագործել որպես մաքրող, երիտասարդացնող և ընդհանուր ամրացնող միջոց, իսկ Արաբ բժշկապետ Ավիցեննան նշել է, որ մնացյալ հովանոցազգիների համեմատ, նեխուրն օգտակար է հատկապես ստամոքսաաղիքային տրակտի համար: 

 

Բույսի բոլոր մասերը պարունակում են բնորոշ հոտով եթերային յուղ, ավելի շատ պտուղները (6%): Տերևները հարուստ են ամինաթթուներով, գլիկոզիդներով, ինչպես նաև` C, E, K, PP, B խմբի վիտամիններով, կարոտինոիդներով, հանքային տարրերով` Ca, Zn, Fe, P, Mg: Նեխուրի արմատը եթերային յուղից և վիտամիններից բացի, պարունակում է նաև ասպարագին, խոլին, քացախաթթու, հակաուռուցքային ազդեցությամբ օժտված ֆուրոկումարիններ: 

 

Ժողովրդական բժշկության մեջ նեխուրի սերմերը, արմատներն ու տերևները օգտագործում են գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդության, ինչպես նաև քրոնիկական կոլիտների ժամանակ, նաև որպես միզամուղ` շլակերն օրգանիզմից հեռացնելու նպատակով: Համարում են նաև, որ նեխուրի թարմ քամած հյութի պարբերաբար օգտագործումը «մաքրում» է արյունը և օգնում ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից: Առավել արդյունավետ ազդեցության համար խորհուրդ է տրվում նեխուրի հյութին ավելացնել եղինջի և խատուտիկի հյութ:

 

Եթերայուղերի պարունակության շնորհիվ նեխուրը խթանում է ստամոքսի հյութազատությունը:

 

Եղնջացանի և բրոնխային ասթմայի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել նեխուրի արմատները. 3-4 գրամ մանրացված արմատի վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր և թողնել 8 ժամ: Խմել օրը 3-4 անգամ, 1-2 ճաշի գդալ: 

 

Մեծահասակներին խորհուրդ է տրվում առավոտյան քաղցած վիճակում նեխուրի հյութ խմել` ջրաաղային փոխանակությունը բարելավելու նպատակով: 

 

Գիտական բժշկությունը գտնում է, որ նեխուրի արմատն ունի արտահայտված հակաօքսիդանտային ակտիվություն, իսկ ամբողջ վերգետնյա մասի մեջ մտնող կենսաբանորեն ակտիվ նյութերը օրգանիզմի վրա թողնում են հակասթրեսային ազդեցություն:

Նեխուրի թարմ քամած հյութը մաքրում է օրգանիզմը թույներից, դանդաղեցնում ծերացման գործընթացը, կանոնավորում նյութափոխանակությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ճարպակալման, շաքարային դիաբետի և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ: Նման դեպքերում կարելի է օգտագործել օրվա ընթացքում 100մլ:

 

Նեխուրի արմատներից պատրաստած եփուկը օգտակար է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և փորկապության ժամանակ:

 

Եփուկի պատրաստումը. 50 գրամ չորացրած արմատները 30 րոպե թրմել 200մլ եռացրած ջրում, քամել տաք վիճակում, բաժակի պարունակությունը լրացնել մինչև 200մլ ջրով և հովացնելուց հետո խմել բաժակի պարունակության 1/3-ը:

 

Ժամանակակից բժշկության մեջ նեխուրի վերգետնյա մասը լայն կիրառություն է գտել լյարդի և երիկամային հիվանդությունների ժամանակ ցուցված մի շարք դեղերի կազմի մեջ: 

 

Նեխուրը հարուստ է ասկորբինաթթվով, որի շնորհիվ չափազանց օգտակար է անոթների և սրտանոթային համակարգի հիվանդություններով մարդկանց, հատկապես ծխողներին, քանի որ նիկոտինը նպաստում է օրգանիզմից ասկորբինաթթվի հեռացմանը:

 

Նշենք, որ նեխուրի հյութը խորհուրդ չի տրվում ծերունական տարիքում և ստամոքսաաղիքային ու միզասեռական համակարգի հիվանդությունների սրացման փուլում:

 

Նեխուրն օգտակար է հատկապես տղամարդկանց: Բույսի բաղադրության մեջ մտնում է անդրոստերոն արական սեռական հորմոնը, որը նպաստում է պոտենցիայի բարձրացմանը: Այն օգտագործվում է նաև որպես պրոստատիտի կանխարգելման միջոց, ինչպես նաև միզամուղ ազդեցության շնորհիվ կարելի է օգտագործել միզասեռական համակարգի վարակների դեպքում:

 

Մեր օրերում նեխուրը լայն տարածում է գտել նաև խոհարարության մեջ:


Սննդի մեջ օգտագործում են նեխուրի բոլոր մասերը` արմատը, ցողունը, տերևները և սերմերը: Արմատը ամենից հաճախ օգտագործում են եփած, ցողունները` հում կամ տապակած, տերևները` որպես բանջարեղեն, սերմերը` համեմունք: 

 

Նեխուրի կալորայնությունը ցածր է (18 կկալ 100 գրամ կանաչ զանգվածի մեջ), ուստի դիետոլոգները այն խորհուրդ են տալիս որպես նիհարեցնող, դիետիկ միջոց: Բույսը պարունակում է բջջանյութ, որը կարգավորում է քաղցի զգացումը և խոչընդոտում ճարպերի ու շաքարների ներծծմանը: 

 

Նեխուրի հյութը դիետիկ նպատակներով օգտագործելիս կարելի է օրգանիզմը միաժամանակ համալրել օգտակար նյութերով, վիտամիններով և միկրոտարրերով: Այդ նպատակով խորհուրդ է տրվում ուտելուց 30 րոպե առաջ խմել նեխուրի հյութ` 2-3 թեյի գդալ:

 

Նեխուրը կարելի է խաշել, շոգեխաշել, մարինացնել, տապակել, բայց ավելի նպատակահարմար է օգտագործել հում վիճակում, քանի որ նման դեպքում պահպանվում են բոլոր օգտակար հատկությունները:

 

 

Հեղինակ. Նաիրա Շաբոյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ